пятница, 9 марта 2012 г.

Սուրճի նախապատմությունը ...



Գրեթե անհնար է պատկերացնել հայ տիկնանց կյանքը առանց մեկ գավաթ սուրճի ... Ոհ , ինչպիսի հաճույք է պարգևում այս ըմպելիքը մեզ , սակայն ոչ բոլորն են ծանոթ սուրճի նախապատմությանը ...
  Հայտնաբերումը.
Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է
մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով: Եվ մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը: Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառի բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև 16-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։ 16-րդ դարի կեսին Շեմզա անունով հալեպցի մի արաբ՝ դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին։ Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե գրողների մի մասը ջանք չէր խնայում՝ փառաբանելու «քահուան» (սա է սուրճի արաբերեն անվանումը), մյուս մասը ոչ պակաս ջանասիրաբար փնովում էր «քնի և սիրո թշնամուն», «սատանայի ընծային»: Չնայած այն հանգամանքին, որ Մարադ 4-րդի օրոք սուրճի նկատմամբ սերը կարող էր հասցնել մինչև կախաղան, Մուհամմեդ 4-րդի օրոք սուրճն՝ ի թիվս այլ ընծաների, նվիրաբերվեց Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդին։ Իսկ այն բանից հետո, երբ եվրոպացի ազնվական կոկետուհիները հավանություն տվեցին թանձր սև ըմպելիքին, կտրուկ ավելացավ Վենետիկի, Մարսելի և Փարիզի սրճարանների այցելուների թիվը։ 1860թ. Պալերմոյիազնվականներից մեկը՝ Պրոկոպիո Կուլտելլին, որոշեց հատուկ սրճարան բացել միայն ազնվականների և արվեստագետների համար։ Դա անելու համար լավագույն տեղ դարձավ Ֆրանսիական Կոմեդիի շենքի դիմացի փողոցը։ Այսօր արդեն սուրճի բիզնեսը համարվում է երկրորդն իր շրջանառությամբ՝ բենզինի բիզնեսից հետո։
 Հետաքրքիր տեղեկություն . 
1777թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր, օրինակ ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։ ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար։ Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը, սակայն, մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում։
Անվանումը.
Այս ըմպելիքի համար ողջ աշխարհում օգտագործվող сoffee անվանումը կապվում է Եթովպիայի Քաֆֆա ծայրամասի հետ, որտեղ ըստ ավանդության ոմն հովիվ, ապա և տեղի մենաստանի վանահայրն առաջին անգամ գնահատեցին սուրճի որակները։ Ինչ վերաբերում է հայերիս, ապա մենք աշխարհում, թերևս միակն ենք, որ այն անվանում ենք ոչ թե сoffee–ի որևէ հնչյունափոխված տարբերակով, այլ դրա համար օգտագործում ենք «սուրճ» ձևը։ Ասում են՝ այս բառն իտալական փոխառություն է մեր լեզվում, չնայած կան նաև պնդումներ՝ իբրև ըմպելիքի անվանման հայկական տարբերակը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես էին հայերը ըմպում այն. սուրճը շուրթերով կլանելիս այսօր էլ կարելի է լսել «ս»–անման հնչյուն, որը հետո փոխակերպվում է «չ»–անման ճպոցի։ Այստեղից էլ «սուրճ» անվանումը, համենայն դեպս՝ տրամաբանական է։ Աակայն, պետք է ասել, որ սուրճի նկատմամբ մեր անսահման սերը և ուրույն վերաբերմունքը նաև այլ դրսևորումներ է ունեցել, մասնավորապես, ֆրանսիական աղբյուրներից պարզվում է, որ Մարսելում առաջին բացօթյա սրճարանը հիմնվել է հայերի կողմից: Դա վերագրվում է սրճարանային բանվոր իզմիրցի Սերովբեին, որը նախ բացօթյա սրճարան ստեղծելու իր առաջարկը ներկայացրեց տիրոջը, ապա՝ 1684թ–ին, գաղափարն իրականություն դարձրեց նաև Փարիզում: Իսկ ընդհանրապես բավական մեծ է հայերի դերը Եվրոպայում սուրճի տարածման գործում, կան փաստեր, ըստ որոնց Վիենայի թուրքական պաշարման ժամանակ սուրճի առաջին հատիկները քաղաք են բերել հենց ավստրիաբնակ հայերը:

Комментариев нет: